երեկ արդեն յոթանասուներկու ժամ առանց ընդմիջման գլխացավ ունենալուց հետո արձանագրեցինք, որ այո, նրանք վերադարձել են․․․

խցանումներ էին էլի․ կանաչ ոստիկանները սուլիչներով ու փայտերով նշաններ էին տալիս մեքենաներին՝ գնացեք, կանգ առեք, կանգ մի առեք․․․արագ գնացեք․․․․ սուլոցն անտանելի էր։ ընդհանրապես ամեն ինչ անտանելի է էս օրերին,բայց սուլոցը խառնվում էր գլխացավիս ու թվում էր՝ հիմա գլուխս վառված լուցկու նման կփշրվի, կթափվի․․․ չգիտեմ՝ ով պիտի հավաքեր․․․

մի խոսքով։ քայլում եմ աշխատանքի ու մտածում՝ հա ինչ վատ կլիներ՝ մենք էլ մի էդպիսի կանաչ ոստիկան ունենայինք մեր կյանքում։ որ խցանումների ժամանակ գար ու ասեր՝ առաջ անցի, մի կանգնի, մի մնա, հերիքա հետ նայես, չե՞ս տեսնում՝ հրում են, քայլիր վերջապես։

հետո մտածում եմ՝ չէ, հաստատ էլի սուլելու էր ու նյարդայնացներ։ ու տենց էլի զարթուցիչ եմ միացնում ժամը հինգն անց հիսունութ։ երկու րոպեն հերիք է, որ հասկանամ՝ ով եմ ու վեր կենամ ժամանակ սպանելու։ ժամանակասպան ենք մենք։

էսօր երազումս մարդիկ կատու էին ուտում։ իսկ ես պետք է սպանեի էդ կատվին։ հրաժարվեցի։ ասացի, որ չեմ կարողանում։

երևի կարոտել եմ մեր կատվին, որ առանց մի օր առաջ զգուշացնելու մահացավ․․․ միակ դրական էակն էր էս օրերի․․․ երևի չէ։ հաստատ կարոտել եմ։ գրելիս լաց եմ լինում։ ուրեմն հաստատ կարոտել եմ։

էսօր օրս միքիչ ուշ եմ սկսում։ ժամանակ ունեի քեզ պատմելու՝ ինչ տեսակ խառը ու անիմաստ մտքեր են գլխումս։ երևի դրանից էլ գլխացավերն են՝ արդեն չորս օր։

ամեն ինչից զատ՝

հոգ տար քո մասին